Նման խայտառակություն հնարավոր է միայն Նիկոլի Հայաստանում
Դատարանը թույլ չտվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին՝ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու նպատակով բացակայել ՀՀ-ից։ Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ չեն ներկայացվել ծանրակշիռ հիմնավորումներ և որ Գևորգյանը կարող է մասնակցել՝ առցանց։ Բացի այդ, հունվարի 25-ին նախատեսվում է սույն գործով հերթական դատական նիստը, որին, ըստ դատավորի, Գևորգյանի բացակայությունն անթույլատրելի է։ Նման խայտառակություն հնարավոր է միայն Նիկոլ Փաշինյանի Հայաստանում։
Դատավորն, ըստ էության, կամայական որոշմամբ կարող է կաշկանդել առաջնային մանդատ ունեցող պաշտոնյայի՝ պատգամավոր գործունեությունը՝ դրա համար չունենալով որևէ հիմնավոր փաստարկ։ Ավելորդ է ասել, որ Աննա Դանիբեկյանը խայտառակ այս որոշման ընդամենը տրանսլյատորն է․ կասկածից վեր է, որ Գևորգյանին երկրից «դուրս չթողնողը» Նիկոլ Փաշինյանն է։
Գործ ունենք իշխանության ակնհայտ երեսպաշտության հետ։ Մի կողմից, ՔՊ պատգամավորներն ամբողջ օրն ընդդիմադիր իրենց գործընկերներին կոչ են անում համատեղ՝ մեկ միասնական ճակատով, գործել արտաքին հարաբերությունների դաշտում՝ դիմակայելու համար երկրի առջև ծանրացած մարտահրավերները, մյուս կողմից՝ իշխանությունները միտումնավոր պրոբլեմներ են հարուցում միջազգային հարթակներում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորների բնականոն գործունեության ճանապարհին։ Ընդամենն օրեր առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չեղարկեց իր մասնակցությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պատվիրակության կազմում, որովհետև պարզվեց՝ իշխանությունը որոշել է ամերիկյան այցի ամենակարևոր հանդիպմանը «փակել» ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը։ Արմեն Գևորգյանին էլ առհասարակ չեն թողնում լքել Հայաստանի տարածքը՝ չնայած այն հանգամանքին, որ ընտրողը՝ քվե տալով, նրան պատվիրարկել է նաև գործունեություն արտաքին հարաբերություններում։
Ինչո՞ւ է իշխանությունը խոչընդոտում ընդդիմադիր պատգամավորների արտաքին քաղաքական, միջազգային գործունեությունը։ Թերևս, պատասխանը բավականին կանխատեսելի է՝ ամեն բան արվում է, որպեսզի մեր արտաքին գործընկերներն առաջին ձեռքից օբյեկտիվ տեղեկատվություն չստանան Հայաստանում ստեղծված իրավիճակի, ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների պարբերական ու հետևողական խախտումների մասին։ Ավտորիտար նման ձեռագիրը հակառակ էֆեկտն է ունենալու, որովհետև արտաքին քաղաքական հարաբերություններում ընդդիմության պոտենցիալի չօգտագործումը Հայաստանին կանգնեցնելու է նոր մարտահրավերների, ռիսկերի առաջ։
Վահրամ Բագրատյան