Փաշինյանի եվրոպական փորձությունը
Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը հայտնվել է ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում։
Հարցի քննարկումը նախատեսվում է ձմեռային նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա հունվարի 24 –ից 28-ը Ստրասբուրգում։ Ինքնին հասկանալի է, որ սա լինելու է հետհեղափոխական Հայաստանի առաջին լուրջ քննությունը Ստրասբուրգում, ընդ որում՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ինստիտուցիոնալ կայացվածության առումով։
Սրանք արժեքներ էին, որոնց պաշտպանության նպատակով չորս տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն։ Մեր հասարակությունն արդեն որոշակի կարծիք ունի հեղափոխության քննության վերաբերյալ։ Մարդիկ, մեղմ ասած, խանդավառված չեն հեղափոխության նվաճումներից, մանավանդ, որ ներքին կյանքում չկան բարեփոխումներ, մարդկանց կյանքի որակը չի լավացել, սրան գումարած՝ ավելացել են ծանր պարտությունը պատերազմում, անվտանգային մարտահրավերները, անորոշությունը։ Հայաստանից մարդիկ զանգվածաբար արտագաղթում են՝ անուղղակի ցույց տալով իրենց հիասթափությունը հեղափոխությունից, նրա հարթակից, Նիկոլ Փաշինյանից։ Մեր տիպի երկրներին միջազգային հանրությունն անդրադառնում է երկու բաղադրիչ հաշվի առնելով՝ արժեքային չափանիշները ու աշխարհաքաղաքական շահերը։
Եթե Հայաստանում անցած տարիներին տեղի ունեցածը դիտարկենք արժեքային չափանիշների տեսանկյունից, ապա ԵԽԽՎ-ում քննարկումները թեժ են լինելու․ Հայաստանում՝ հատկապես ՏԻՄ ընտրություններից հետո, ընտրական ինստիտուտը վերադառնում է հին «բարի» ավանդույթներին, ամեն քայլափոխի վարկաբեկվում է պառլամենտարիզմը, սահամանփակվում են քաղաքացիների ու լրագրողների իրավունքները, կան քաղաքականապես մոտիվացված կալանավորումներ, «կուլակաթափության» սաղմնային դրսևորումներ։ Սրանք հատկանիշներ են, որոնք բնորոշում են ավտորիտար երկրներին։ Մյուս կողմից, անցած երեք- չորս տարիներին մենք նկատել ենք, որ միջազգային հանրությունը շատ դեպքերում աչք է փակել Հայաստանում տեղի ունեցող ավտորիտար երևույթների վրա․ ըստ ամենայնի, մի կողմից, գործել է հեղափոխության բոնուսը, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական որոշակի կենտրոնների բավարարել է հայաստանյան ստատուս- քվոն։ Բայց հիմա՝ այս առումով, կարծես՝ իրավիճակ է փոխվել։ Ղազախական իրադարձություններից հետո, Նիկոլ Փաշինյանն իրեն ամբողջովին դիրքավորել է «եվրասիական ավտորիտար ակումբում», ինչի հետևանքով արևմտյան որոշակի շրջանակներում կորցրել է իր քաղաքական, բարոյական լեգիտիմությունը։ Այս առումով՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կարող է փորձություն դառնալ Փաշինյանի համար։
Վահրամ Բագրատյան