Բաքվի գործողությունները սպառնում են ՀՀ տարածքային ամբողջականությանը և անվտանգությանը. Փաշինյան
Հայաստանն այսօր կրկին բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց` ելույթ ունենալով Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին՝ մեկնաբանելով նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները։ Նրա խոսքով՝ նիստն ընթանում է Հայաստանի համար լարված մթնոլորտում։
«Չեմ կարող չնշել, որ ինչպես մեկ տարի առաջ, երբ մենք ընդունում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստը, այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է լուրջ մարտահրավերների, որոնք սպառնում են մեր անվտանգությանը։ Մեր տարածաշրջանը ներքաշվել է էսկալացիայի նոր փուլի մեջ, որը, դժբախտաբար, հանգեցրել է մարդկային զոհերի»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ նոր էսկալացիայի պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքները միտված են խաթարելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները: