top of page

Ստորաքարշությունը՝ առաջխաղացման հիմնական երաշխիք․ Փաշինյանի կադրային քաղաքականության սկզբունքը


Երևանի ավագանու տարեվերջյան նիստում քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց իշխող «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը: Նա վերջին երեք տարիներին աշխատել է բանկային ոլորտում, եղել է ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահը, համակարգել է կառավարություն-USAID համագործակցության ծրագիրը և այլն։


Սա այն անձն է, որը Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու օրերին ամենալալահառաչ ելույթն ունեցավ՝ քծնելով Նիկոլ Փաշինյանին, քննադատելով Հայկ Մարությանին ու ի վերջո՝ թիրախավորելով նաև Արթուր Վանեցյանին, որը քննարկվող հարցի հետ որևէ առնչություն չուներ։ Նիկոլ Փաշինյանի Հայաստանում ահա այս սկզբունքով են առաջ մղվում կադրերը։


Փաստորեն՝ ստորաքարշությունը դարձել է առաջխաղացման հիմնական երաշխիք։


Բայց խնդիրն այստեղ միայն նոր փոխքաղաքապետի անձնական որակները չեն։


Կան ավելի խորքային հացեր։


Երբ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնանկ էր արվում, իշխանության հիմնական կռվանը «քաղաքական խզումն» էր՝ թեև որևէ մեկը չկարողացավ հիմնավորել, թե ինչ է հասկանում այս տերմինի տակ։


Ասում էին՝ ավագանու անդամների մեծ մասը նիստերին չի մասնակցում, որովհետև չի վստահում Մարությանին։


Ենթադրենք այս վարկածը ճիշտ է։


Բայց երեկվա նիստին ավագանու 65 անդամներից մասնակցել է ընդամենը 35-ը․ եթե ներկա չլինեին ընդդիմադիր երկու խմբակցությունների ավագանիները, քվորում պարզապես չէր լինելու։ Ստացվում է՝ քաղաքական խզման այս բաղադրիչը մնացել է ու նույնքան խոցելի է նաև նոր քաղաքապետը։


Մյուս փաստարկն այն էր, թե Մարությանը լքել է ՔՊ-ն։


Ընդունենք նաև այս վարկածը, բայց խնդիրն այն է, որ նոր քաղաքապետն ու նրա առաջին տեղակալը նույնպես ՔՊ անդամ չեն ու ավելին՝ «Իմ քայլում» ներկայացնում են «Առաքելություն» կուսակցությունը, որն այլևս գոյություն չունի։ Ստացվում է՝ Հրաչյա Սարգսյանի ու Լևոն Հովհաննիսյանի պարագայում քաղաքական խզումը տեղի է ունեցել դեռ գործընթացի մեկնարկին։


Ամանորից հետո Երևանի քաղաքապետարանում ինստիտուցիոնալ ճգնաժամն ավելի տեսանելի կդառնա, քաղաքային նոր իշխանության լեգիտիմության դեֆիցիտն ավելի ակնառու դրսևորումներ կունենա։


Ելքը՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումն է, բայց այս սցենարն իշխանությանը սարսափեցնում է։ ԱԺ արտահերթ ընտրությունների նույնիսկ պաշտոնական տվյալներով՝ ՔՊ-ն Երևանում չունի մեծամասնություն, անցած ամիսներին իշխանության էլեկտորալ կորուստներն ավելի ակնհայտ են դարձել։ Երևանի ավագանու նոր ընտրությունն ական է դառնալու այս իշխանության համար։


Վահրամ Բագրատյան

1/2323
bottom of page