Փաշինյանի դիլեման․ հարցի պատասխանը նա էլ չունի
Դեկտեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, մեկնարկեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը:
Պե՞տք է փոխել սահմանադրությունը։ Կարծում ենք՝ այո, որովհետև կառավարման խորհրդարանական համակարգը, մեղմ ասած, չի համապատասխանում այն մարտահրավերներին, որոնք կանգնած են Հայաստանի, նրա պետական, քաղաքական համակարգերի առաջ ու դա հատկապես տեսանելի դարձավ 44-օրյա պատերազմի օրերին։
Մյուս կողմից, Հայաստանում, դասական իմաստով, կուսակցությունները կայացած չեն, ինչը ենթադրում է, որ խորհրդարանական կառավարման պայմաններում ունենալու ենք պերմանենտ ճգնաժամային կամ ֆորս-մաժորային իրավիճակներ։ Անհերքելի փաստ է նաև, որ Հայաստանում դե յուրե և դե ֆակտո հաստատված կառավարման համակարգը կապ չունի դասական խորհրդարանական մոդելի հետ․ մեր երկրում գործում է սուպերվարչապետական համակարգ, որի պայմաններում միակ գործող անձը վարչապետն է։ Նրա «գրպանում են» հայտնվել իշխանության մյուս ճյուղերը, այդ թվում՝ ԱԺ-ն, որը պառլամենտարիզմի պայմաններում պետք է դառնար իշխանության հիմնական կրողը, կենտրոնը։
Անցած չորս տարիների Փաշինյանը ոչ միայն չհրաժարվեց ուրիշի համար կարված կոստյումից, այլ այն հարմարեցրեց իր ճաշակին, պոպուլիստական կարգախոսներին, իշխանատենչությանը։ Սա է օբյեկտիվ իրավիճակը, սակայն սահմանադրական փոփոխությունները կարող են ռացիոնալ լինել, եթե տեղի ունենան հանրային ու քաղաքական կոնսոլիդացիայի միջավայրում, հակառակ դեպքում՝ քաղաքական կոնյուկտուրան դառնում է գործընթացի հիմնական բաղադրիչը։ 1995թ-ին, Երրորդ հանրապետության առաջին իշխանությունը մեծ սխալ թույլ տվեց՝ Սահմանադրության ընդունման հանրաքվեն զուգակցելով ԱԺ ընտրությունների հետ, ինչի հետևանքով Հիմնական օրենքն իր վրա կրեց քաղաքական բևեռացման բացասական հետևանքների ողջ բեռը։
Կամ ամենաթարմ օրինակը՝ 2015-ին սահմանադրական փոփոխությունները պետք է ապահովեին Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը կամ տրանզիտը, ինչի հետևանքով քաղաքական հարթության վրա դրանք ապալեգիտիմացվեցին։ Հիմա նույն իրավիճակն է՝ Փաշինյանին հետաքրքրում է բացառապես իր իշխանության ամրապնդումը, ըստ այդ իմպերատիվի է նա որոշելու կառավարման համակարգը։ Սրանով է պայմանավորված նրա հայտարարությունների հակասականությունը։ Սահմանադրական ռեֆորմի գործընթացը ուղեկցվում է ներհանրային բևեռացմամբ, ինչը ոչ մի լավ բան չի հուշում երկրի, հասարակության, գուցե նաև իշխանության համար, որը կարող է մնալ բարեփոխումների «տակ»։ Նման նախադեպ Հայաստանում կա։
Վահրամ Բագրատյան