top of page

Փաշինյանի «աքիլեսյան գարշապարը»



Եթե անգամ ընդունենք ակն կանխավարկածը, որ Նիկոլ Փաշինյանն ունի լուսավոր ծրագրեր, միևնույն է՝ դրանք անկատար են մնալու, որովհետև Հայաստանի գործող վարչապետն իրեն շրջապատել է կադրերով, որոնք մեղմ ասած, դիլետանտ են, որոշ դեպքերում՝ հասցրել են թաթախվել այնպիսի գործերի մեջ, որոնցից քրեական հոտ է փչում։ Վերջին օրերի մի քանի իրադարձություններ միայն հաստատում են մեր պնդումը։


Ընդդիմությունը տևական ժամանակ պնդում էր, իսկ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն օրերս հաստատեց՝ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է ստորագրել Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-ը թշնամուն հանձնելու փաստաթուղթը։ Այդ «նախկին նախարարն» այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանն է ու նրա նոր նշանակումը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Օրինակ, կարո՞ղ ենք ենթադրել, որ Հարությունյանը հենց Փաշինյանի հանձնարարությամբ է ստորագրել նման փաստաթուղթ ու դրա դիմաց հետագայում երկրից դուրս «պատվաբեր պաշտոն» ստանալու խոստում է ստացել։ Իհարկե, նման կասկած հայտնելու և պնդում անելու լեգիտիմ իրավունք ունենք, մանավանդ, որ Հարությունյանը դիվանագիտական առումով լրիվ բոբիկ է ու նրա պաշտոնավարումը որևէ բանով չի կարող նպաստել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացմանը։ Լավագույն դեպքում՝ Մոսկվայում «չնկատելու» են տալու, որ Հայաստանն իրենց երկրում Վաղարշակ Հարությունյան անունով դեսպան ունի։


Մյուս կողմից, ոչինչ հավերժ չէ ու շատ հնարավոր է՝ քաղաքական իրավիճակ փոխվի ու օբյեկտիվ քննությունը պարզի, որ ՊՆ նախարար Հարությունյանի կողմից ստորագրված փաստաթուղթն իր մեջ հանցակազմ է պարունակում։ Այս պարագայում՝ հետևանքները բավականին տխուր են լինելու, որովհետև ստացվում է՝ Փաշինյանը պոտենցիալ հանցագործին պատսպարել է Ռուսաստանում՝ դիվանագիտական կարգավիճակով։ Փաշինյանի մյուս կադրային «նվաճումը»՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, երեկ լրագրողների հետ զրույցում ուշագրավ արձանագրում է արել:


Հարցին՝ Ամանորից հետո մարդիկ աշխատանքի գնացին ամսի 3-ին, տնտեսական ի՞նչ էֆեկտի եք սպասում՝ նա պատասխանեց.


«Ես կես կատակ արտահայտություն անեմ՝ հունվարի 3-ին, ժամը 4-ին հանդիպում ունեի ու այն մարդը, որը պետք է գար, 10 րոպե ուշացավ: Եկավ ասաց՝ խցանում էր, դրա համար էլ ուշացա, որը երբեք Հայաստանում չէր եղել հունվարի 3-ին: Եվ ես կարծում եմ, այն տնտեսական աշխուժությունը, որը մենք արդեն տեսնում ենք, հույս է տալիս ասել, որ մենք բավական լավ, առույգ կսկսենք տարին»: Չլինի՞ Քերոբյանի «10 րոպե ուշացած» հյուրը հենց Փաշինյանն է եղել, որովհետև նման «օրիգինալ» միտք Հայաստանում կարող է ծնվել, մեկ էլ՝ գործող վարչապետի գլխում։ Կատակից գանք դառը իրականություն ու արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի Հայաստանում կադրային առաջխաղացման նախապայմաններ են դարձել անձնական հավատարմությունն ու դիլետանտիզմը։ Նման իշխանությունն ապագա չունի, երկիրն է ափսոս․․․


Վահրամ Բագրատյան

1/2323
bottom of page