top of page

Փաշինյանի սանիկը կհայտնվի՞ բանտում



Նիկոլ Փաշինյանի սանիկը՝ Գարիկ Սարգսյանն, այս իշխանության լուզեր, ձախողված պաշտոնյաներից մեկն է։


Նա գլուխ չհանեց Արարատի մարզպետի պաշտոնում։ Մարզն, իհարկե, ոչինչ չշահեց Սարգսյանի պաշտոնավարումից, բայց բոլորը հիշում են կոկորդիլոսի մասին նրա «հանճարեղ» մտքերը։ Հետո՝ Սարգսյանին տարան Պետական գույքի կառավարման կոմիտե։ Դա ավելի շատ պարտադրված «ընդհատակ» էր, որպեսզի Սարգսյանի քիչ խոսի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՝ Նիկոլ Փաշինյանի համար նոր պրոբլեմներ չհարուցելու համար։


Բնականաբար, իր նոր պաշտոնից Գարիկ Սարգսյանը նույնպես գլուխ չէր հանում ու երբ որոշվեց խոշորացնել համայնքները, Արարատի նախկին մարզպետը գործուղվեց Վեդի՝ համայնքապետ ընտրվելու նպատակով։


Դեկտեմբերի 5-ի ընտրություններում Սարգսյանին ու ՔՊ-ին չհաջողվեց հաղթանակ տանել։ Ողջամտությունը հուշում էր, որ ընդդիմությունը կմիավորվի ու Վեդիում կարձանագրվի իշխանության պարտությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանին ու Գարիկ Սարգսյանին փրկեց Արամ Սարգսյանը, որի թիմակիցները իշխանության կուսակցության հետ, վայր դրեցին մանդատները՝ ճանապարհ բացելով Վեդի համայնքում արտահերթ ընտրությունների անցկացման համար, որոնք տեղի կունենան մարտի 27-ին։


Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որպեսզի իր սանիկն այս անգամ «չվրիպի»։ Գարիկ Սարգսյանը նշանակվել է համայնքի ղեկավարի ԺՊ, նրա տրամադրության տակ են դրվել վարչական ռեսուրսները, անգամ համապետական ԶԼՄ-ները, որոնք լուսաբանում են ԺՊ-ի մասնակցությամբ անգամ հանրային հետաքրքրություն չունեցող միջոցառումները։


Գարիկ Սարգսյանը՝ վարչական ռեսուրսը կոնսոլիդացնելու նպատակով, ակնհայտ ապօրինություններ է անում։ Օրինակ, նշանակում է վարչական ղեկավարների, որի իրավասությունը, բնականաբար չունի։


Վեդի խոշորացված համայնքի վարչական տարբեր շրջանների բնակիչներին ընտրություններից առաջ Գարիկ Սարգսյանը միանձնյա տրամադրել է 15-50-հազարական դրամ, մի բան, որի, նախ, իրավունքը չունի, քանի որ ավագանու որոշմամբ պետք է հատուկ խորհուրդ ձևավորվեր, և խորհուրդը նման որոշումներ ընդուներ։


Բայց խնդիրը նույնիսկ ընթացակարգային այս խախտումը չէ։


Սարգսյանի արածը քողարկված ընտրակաշառք է։ Համենայն դեպս, ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նմանատիպ արարքը նման քրեա-իրավական գնահատականի է արժանացել, ինչի հետևանքով Առուշանյանը կալանավորված է։


Հիմա շատերը սպասում են Գարիկ Սարգսյանի ընտրությանը, մենք էլ սպասում ենք, թե երբ է Փաշինյանի սանիկը հայտնվելու բանտում՝ ակնհայտ իրավախախտման համար։


Վահրամ Բագրատյան

bottom of page