Պատմական հանդիպում․ Երևանի ու Անկարայի տարբեր «լեզուները»
Այսօր Մոսկվայում, Ռուսաստանի միջնորդությամբ, տրվելու է հայ-թուրքական երկխոսության գործընթացի մեկնարկը։ Թուրքիայի ու Հայաստանի կողմից էլ նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ՝ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը։
Հատուկ բանագնացների «քաշային տարբեր» կարգերի մասին բազմաթիվ անգամներ գրվել է ու, թերևս, ավելացնենք ընդամենը մեկ դետալ․ Թուրքիան բանակցություններում ներկայացված է բարձրակարգ դիվանագետով, Փաշինյանը գերապատվությունը տվել է ոչ թե բանագնացի դիվանագիտական, մասնագիտական որակներին, այլ՝ քաղաքական պատկանելիությանը։
Պատմական հանդիպումից առաջ Անկարայից ու Երևանից հնչել են գնահատականներ, որոնք բացահայտում են կողմերից յուրաքանչյուրի ռազմավարական օրակարգը, մարտավարությունը։ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացի արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև կբացվի երկու երկրների միջև սահմանը: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Ըստ նրա՝ հայկական կողմի տպավորությամբ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ Իհարկե, մեր ԱԳՆ խոսնակը «նրբանկատորեն» մոռանում է նշել, որ թուրքական նախապայամնների զգալի մասը հանվել են ոչ թե Անկարայի կառուցողական դիրքորոշման, այլ 44-օրյա պատերազմի հետևանքով, որի ընթացքում Բաքվին գործուն աջակցություն է ցույց տվել հենց Անկարան։ Այնուամենայնիվ, Անկարայից երեկ հնչել է հայտարարություն՝ բարձրագույն մակարդակով, որը բացահայտում է, որ Թուրքիան այս գործընթացից ավելի բազմաշերտ ու գլոբալ ակնկալիք ունի, քան՝ Հայաստանը։
«Որպեսզի ձեռնարկվող քայլերը անհրաժեշտ արդյունք տան, կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի տարածաշրջանում խաղաղության հնարավորությունը և Ադրբեջանի հետ կառուցի դրական հարաբերություններ»,- երեկ ասել է Էրդողանը։ Այլ խոսքով, Անկարան շարունակում է փոխկապակցել հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները ու դժվար է ասել, թե ինչքանով է պաշտոնական Երևանը պատրաստ նման բարդ գործընթացի, մանավանդ, որ Ադրբեջանի նախագահը երեկ հնչեցրել է այն նախապայմանները, որոնք բերելու են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։ Առայժմ ձեռնապահ մնանք գնահատականներից՝ սպասելով Սերդար Քըլըչ- Ռուբեն Ռուբինյան առաջին հանդիպմանը։
Վահրամ Բագրատյան