Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ թյուրքական աշխարհի քարտեզում նշված չէ, որ դրա կենտրոնը Ալթայում է
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ թյուրքական աշխարհի քարտեզում, որը Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բախչելին նվիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, կարմիր աստղով նշված չէ, որ դրա կենտրոնը գտնվում է ոչ թե Թուրքիայում, այլ Ալթայում՝ Ռուսաստանում: Այդ մասին Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման ժամանակ՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին. փոխանցում է TASS-ը:
«Մեր թուրք գործընկերները շրջանառում են թյուրքական միասնության գաղափարը, ինչը նորմալ է: Ես միայն կարող եմ ափսոսանք հայտնել, որ քարտեզում, այնուամենայնիվ, նշված չէ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում», - ասել է Պեսկովը: Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ կենտրոնը ոչ թե Թուրքիայում է, այլ Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում»:
Պեսկովը նշել է, որ դա յուրաքանչյուր թյուրքի համար այն սրբազան վայրն է, որտեղից նրանք սերել են: «Ես դա որպես թյուրքագետ եմ ասում», - ընդգծել է նա:
Ավելի վաղ ԱՇԿ թվիթերյան էջում տեղադրվել էր Էրդողանի և Բախչելիի լուսանկարը, որոնց ձեռքում այսպես կոչված թյուրքական աշխարհի քարտեզն էր: Դրանում ներկայացված է Ռուսաստանի զգալի մասը: