Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը հրավիրվել է ոստիկանություն՝ ֆեյսբուքյան գրառման համար․ Մելիքյան
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը հրավիրվել է ոստիկանության բաժանմունք՝ ծանր վիրավորանքի գործով, ինչն արդեն տևական ժամանակ է Հայաստանում դարձել է խոսքի ազատության, բողոքելու ազատության ճնշման գործիք։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ադիբեկյանի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Զավեշտն այն է, որ վիրավորանքի, զրպարտության համար քրեական պատասխանատվությունը վերացնելը դեռ 2000-ականներին եղել է Հայաստանի՝ ԵԽ-ին անդամակցելու պայման։ Փաստորեն այն մարդիկ, որոնք այդ պայմանները դրել են, հետևողական են եղել, Հայաստանը վերացրել էր դրա քրեական պատասխանատվությունը, այս նոր իշխանությունները դա վերականգնում են և արևմտյան շրջանակներից, որոնք «քավորն» են եղել, որևէ արձագանք չկա։ Ես չգիտեմ դրա գինը որն է՝ Հայոց Ցեղասպանությա՞ն պահանջատիրությունից հրաժարվելն է, արցախահայությա՞ն շահերն այլևս չհետապնդելն է։ Ինչ գին է վճարում ներկայիս իշխանությունը՝ քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու այս գործիքը պահպանելու համար»,- նշել է Մելիքյանը՝ վստահություն հայտնելով առ այն, որ նշված գործիքը երկար կյանք չի ունենա։
Արմինե Ադիբեկյանը հրավիրվել է ոստիկանություն՝ ֆեյսբուքյան գրառում կատարելու համար, իսկ թե ինչ գրառում է արվել՝ Ադիբեկյանը նշեց, որ ընդամենը ցիտել է Նիկոլ Փաշինյանի՝ իր գրքում օգտագործված բառամթերքը՝ իր համախոհների և թիմակիցների հասցեին։
«Մարդիկ, որոնք այդ անպատվությունը բերել են մեր գլխին և շարունակում են անպատիվ քայլեր կիրառել և կատարել հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ, զոռբայությամբ և ապօրինի տեսքով փորձում են իրենց արժանապատվությունը հաստատեն, ապա կցանկանամ հայտնեմ, որ արժանապատվությունը ձեռք է բերվում պատշաճ աշխատանքով, կերտվում է ամեն օր՝ բարի գործերով, հայանպաստ և պետականաշեն գործողություններով, այլ ոչ թե՝ ինձ կամ իմ կոլեգաների նմանների վերաբերյալ քրեական գործ հարուցելով, քննչական բերելով և փող պոկելով » ,- նշեց Ադիբեկյանը։