Ռուբեն Ռուբինյանը չհանձնեց քննությունը․ նա պետք է հեռանա
Երեկ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հյուրընկալվել էր «Ազատություն» TV-ին ու հանդարտ տոնով պատմում էր իր ու Թուրքիայի բանագնացի մոսկովյան առաջին հանդիպման որոշ մանրամասների մասին։ Հարցազրույցը բավականին դրական տպավորություն թողեց, բայց․․․
Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուբինյանը մի փոքր ուշացավ, որն ամբողջովին փոխում է իրավիճակը, անգամ այն հարցազրույցի համատեքստը, որը մենք հաջողված ենք համարում։
Ռուբինյանը նույն հանդարտությամբ պետք է, առաջին հերթին՝ ԱԺ իր գործընկերներին պատմեր իր ու Քըլըչի հանդիպման մասին, սակայն նա խորհրդարանում չդիմացավ գայթակղությանը ու պատգամավորների հնչեցրած սուր հարցադրումներից հետո գահավիժեց ԱԺ փոխնախագահի, պետական գործչի կարգավիճակից՝ իրեն դրսևորելով «հաշիվներ մաքրողի» մակարդակում։
Եթե Ռուբինյանը հունից դուրս է գալիս անգամ Հայաստանի խորհրդարանում, մի միջավայրում, որտեղ իր թիմն ամուր հենարաններ ունի, ինչպե՞ս նա կարող է այս բնավորությամբ, հախուռն, էքսցենտրիկ խառնվածքով նման բարդ բանակցություններ վարել, մանավանդ, որ նրա վիզավին փորձառու է դիվանագետ է, որի միայն աշխատանքային կենսագրությունն ավելի մեծ պատմություն ունի, քան՝ Ռուբինյանի տարիքը։
Պատկերացնո՞ւմ եք` փորձառու Քըլըչի համար ինչքան հեշտ է լինելու Ռուբինյանին հունից հանելը կամ «սիրաշահելը»։
Սա ամենևին չարախնդություն չէ։ Մենք պարզապես մտահոգված ենք, որովհետև երեկ ականատես դարձանք Ռուբինյանի որակներին, երբ նա հայտնվում է ֆորս-մաժորային կամ ոչ ստանդարտ իրավիճակներում։
Կարծում ենք՝ Ռուբինյանին նշանակողը պետք է համապատասխան հետևություններ անի, եթե, իհարկե, կարևորում է հայ-թուրքական երկխոսությունը՝ դա չհամարելով սոսկ սեփական իշխանության ամրապնդմանն ու PR-ին ուղղված քայլ։
Վահրամ Բագրատյան