Սաակաշվիլիի բժիշկը հայտնել է հոգեբանի և հոգեբույժի անհրաժեշտության մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն կիրակի հայտնել է, որ քաղաքական գործչին բուժելու համար անհրաժեշտ է ներգրավել հոգեբանի և հոգեբույժի. այդ մասին նա լրագրողներին ասել է Գորիի զինվորական հոսպիտալ կատարած այցից հետո։
Բժշկի կարծիքով՝ հնարավոր է, որ Սաակաշվիլիի վիճակի գնահատման համար պահանջվի արտասահմանցի մասնագետների ներգրավում։
«Պետք է հետևել և տեսնել, ինչ և ինչպես կլինի: Բուժումը շարունակվում է, նկատվում է ընդհանուր թուլություն, գլխացավ, ճնշումը տատանվում է», - բժշկի խոսքերն է մեջբերում Интерфакс-ը։
Նրա խոսքով՝ հացադուլից հետո վերականգնողական գործընթացի առաջին օրը նորմալ է անցել, սակայն նյարդաբանությունն անհանգստություն է առաջացնում, և առաջիկա օրերին ծրագրվում է մասնագետների այց։ Բժիշկը նշել է, որ նման հիվանդների մոտ լինում է հետտրավմատիկ ախտանիշ, որը ենթակա է որոշակի և շատ բարդ բուժման։
Բժիշկը նաև նշել է, որ Սաակաշվիլին հոսպիտալում իրեն ավելի հանգիստ է զգում, քան բանտային հիվանդանոցում։