Այս խայտառակ անկման ընթացքը հնարավոր կլինի կանգնեցնել միայն մեկ դեպքում. Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ինձ անընդհատ հարցնում են՝ ի՞նչ է պետք անել, որ գոնե կանգնեցնենք այն խայտառակ անկման ընթացքը, որն այսօր ունենք:Ես իրականում դժվարանում եմ տալ որևէ նոր պատասխան: Դժվարանում եմ, քանի որ ինչպես շատ-շատ մտածող հայերի, այնպես էլ իմ մոտ այդ պատասխանը տակավին մեկն է և այլընտրանք չունեցող՝ երկրի կառավարումից ցանկացած ճանապարհով հեռացնել նրան (չնայած բավականին ուշացումով), ով մեր ժողովրդին հասցրել է այս խեղճ ու անպաշտպան վիճակին։
Այո, հենց սա է իմ պատասխանը, որի հետ, համոզված եմ, համամիտ է յուրաքանչյուր մտածող հայ, ավաղ, ոչ թե գործնական մասնակցությամբ, այլ, ցավոք, սոսկ ցանկությամբ։ Արդյունքում ունենք այն, երբ մտածող հայը ցանկանում, բայց չի գործում, իսկ չմտածողը՝ կուրորեն գործելով՝ Հայրենիք է կործանում։ Այս խայտառակ անկման ընթացքը հնարավոր կլինի կանգնեցնել միայն մեկ դեպքում, երբ մտածող հայն ուղղորդի չմտածողին, այլ ոչ թե հակառակը: Իսկ դրան հասնելու համար մենք, կարծես, այլևս ժամանակ չունենք»: