top of page

Շուշիից՝ Մոսկվա․ Ալիևի ու Պուտինի հանդիպումը


Ինչպես և կանխատեսել էինք՝ ՔՊ-ն տապալելու է «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը, որը ենթադրում էր փետրվարի 23-ին ԱԺ արտահերթ նիստում հայտարարությամբ դատապարտել Ադրբեջանի ու Թուրքիայի միջև կնքված Շուշիի հռչակագիրը։


«ԱԳՆ-ն արդեն երկու անգամ դատապարտել է այս համաձայնագիրը։ ՔՊ-ն ու ԱԳՆ-ն գործում են ընդհանուր դաշտում։ Բացի այդ, մենք խաղաղություն հաստատելու ճանապարհով ենք գնում և չպետք է թույլ տանք որևիցե բան, որն այն կարող է վիժեցնել», - ասել է ՔՊ-ի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։


Արսենյանն ամեն ինչ հստակ է ասել՝ առանց դիվանագիտական քողածածկույթի։ Հայաստանի գործող իշխանությունը չէր կարող թույլ տալ, որպեսզի Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների երկրորդ հանդիպումից մեկ օր առաջ Հայաստանի ԱԺ-ում տեղի ունենան քննարկումներ, առավել ևս ընդունվի հայտարարություն, որը կարող է կասկածի տակ դնել հայ-թուրքական դիալոգը։


Բացի այդ, երեկ տեղեկատվություն տարածվեց, որն առնվազն դեակտուալացնում է Հայաստանի խորհրդարանում Շուշիի հռչակագրի հրատապ քննարկումները։


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որի ընթացքում կողմերը կստորագրեն երկկողմ հարաբերություններին դաշնակցային բնույթ հաղորդելու մասին հռչակագիր։


Իհարկե, Ալիևի համար խիստ անբարենպաստ է, որ մոսկովյան հռչակագիրն ընդունվում է ժամեր անց այն հրամանագրից հետո, որով Պուտինը ճանաչել է Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ինքնիշխանությունը։


Կասկածից վեր է, որ նման ծառայության դիմաց՝ Ադրբեջանի նախագահը որոշակի զիջումներ է պահանջելու Մոսկվայից։ Հենց այս հարթության վրա էլ որոշակի նոր ռիսկեր կարող են առաջանալ Հայաստանի ու Արցախի համար։


Վահրամ Բագրատյան

bottom of page