«Արարատ-Արմենիան» 3:2 հաշվով հաղթանակ տարավ «Փյունիկի» նկատմամբ
ՀՊԼ 24-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել է «Փյունիկին» և 3:2 հաշվով փայլուն հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:
Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացել է «Փյունիկի» ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոցը, 26-րդ րոպեին Եղիշե Մելիքյանի թիմի առավելությունը կրկնապատկել է Մաթիաս Վարեյկան:
Այնուհետև, սակայն, «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները բեկել են խաղի ընթացքը: Նախ 43-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը կրճատել է հաշվի տարբերությունը, ապա երկրորդ կեսի վերջնամասում Էրիկ Օկանսին հավասարեցրել է հաշիվը, իսկ հիմնական ժամանակին ավելացրած առաջին րոպեին Մարիուս Նուբիսին խփել է հաղթական գնդակը:
Այս հաղթանակից հետո Վարդան Մինասյանի թիմը բարձրացել է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ իր միավորների թիվը հասցնելով 45-ի: «Փյունիկը» 43 միավորով նահանջել է 4-րդ տեղ: