top of page

ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ



ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ


Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան


Կենսագրություն


Ծնվել է 1971 թվականի մայիսի 20-ին Գյումրիում։ Ծնողները պարսկահայեր են՝ Իրանի Սանգիբարան գյուղից: 1971 թվականին ամբողջ ընտանիքով ներգաղթում և հաստատվում են Գյումրիում, ապա՝ 1977 թվականին,


տեղափոխվում Երևան:


Կրթությունը, հոգևոր կոչումը և ծառայությունը 1978 - 1988 թթ. սովորել է Երևանի թիվ 156 դպրոցում։


1988 - 1994 թթ. ուսանել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում։


1994 թ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ։


1995 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է ճեմարանը, որն ավարտելուց հետո նույն թվականի հուլիսի 23-ին, այդ տարի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա։


Ձեռնադրվելուց հետո մինչև 1998 թվականը եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի գավազանակիրը:


1996 թ. նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր: Հայաստանում քրիստոնեական առաջին՝ «Կանթեղ» հեռուստանախագծի հիմնադիր անդամ է։


1996-1998 թթ․ նաև Սուրբ Պատարագի մեկնություն, Շարականագիտություն և Ընդհանուր Եկեղեցու պատմություն է դասավանդել Գևորգյան Հոգևոր Ճեմարանում և Վազգենյան դպրանոցում:


1998-2000 թթ. սովորել է Անգլիայի Լիդսի համալսարանում, Մըրֆիլդի Սուրբ Հարության Աստվածաբանական քոլեջում։


1996-2000 թթ. եղել է Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի կազմակերպման կենտրոնական մարմնի անդամ: 2000 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ։ Հիմնադրել է Վազգենյան դպրանոցի «Լուսավորիչ» երգչախումբը:


2002 թ. պաշտպանում է վարդապետական «Հիւանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» թեզը և ստանում մասնավոր վարդապետության 4 աստիճանները:


2002 թ. տեսչի պաշտոնին զուգահեռ նշանակվել է նաև Մայր Աթոռի նորահաստատ Մամուլի, լրատվության և Հասարակական կապերի գրասենյակի տնօրեն, եղել է «Շողակաթ»հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ: Հիմնադրել և վարել է «Ճանաչենք Ավետարանը» հաղորդաշարը։


2002 թ.-ին զուգահեռաբար նշանակվել է նաև Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։


2003 թ. մայիսի 31-ին Կանադահայոց թեմի 20-րդ պատգամավորական ժողովում ընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ[4]: Նույն թվականի հունիսի 22-ին՝ Սուրբ Էջմիածնի տոնին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս: Առաջնորդության տարիներին բարեգործության նպատակով հիմնել է «Հայ տուն» կազմակերպությունը՝ անօգնական տարեցներին և հիվանդներին օգնելու, ինչպես նաև Իրաքից պատերազմի պատճառով Կանադա գաղթած իրաքահայերին աջակցելու համար, կազմավորել երիտասարդական խմբեր, մանկական երգչախումբ և այլն:


2012 թ. Մոնրեալի Կոնկորդիայի համալսարանում պաշտպանել է աստվածաբանության և կենսաբանական բարոյագիտության դոկտորական թեզ :


2013 թ. Կանադահայոց թեմի պատգամավորները Բագրատ Գալստանյանի փոխարեն Կանադայի հայոց թեմի առաջնորդ են ընտրել տեր Արեն Ջեբեջյանին, ինչը բերել է սոցիալական ցանցերում թեմի ներկա ու նախկին առաջնորդների կողմնակիցների կոնֆլիկտի ու փոխադարձ մեղադրանքների[փա՞ստ]:


2013 թ. արժանացել է Անգլիայի Թագուհի Եղիսաբեթ II-ի ադամանդյա հոբելյանի մեդալին:


2014 թվականից «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի հոգևոր միջազգային փառատոնի հոգևոր պատասխանատուն է:


Հրատարակել է բազմաթիվ աստվածաբանական, հասարակական, քարոզախոսական, մշակութային հոդվածներ, «Խոհեր» հոգևոր- խորհրդածական գրքույկը։


2023 թ. ստացել է արքեպիսկոպոսի կոչում։


Տավուշի թեմի առաջնորդ


2015 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ։


«Իջևան» հեռուստաընկերության եթերում հեռարձակվում է նրա հեղինակային «Աստվածաշունչը մեր կյանքում» հաղորդաշարը:


Տավուշում իրականացվել է «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը, որի շրջանակներում կիրակնօրյա դպրոցներ են բացվել Աչաջուր, Պառավաքար, Դիլիջան, Նավուր, Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան և այլ համայնքներում:


2017 թ. հուլիսի 25-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Բագրատ սրբազանը նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ:


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պարբերաբար այցելում է սահմանապահ զորամասեր, համայնքներ, իրականացնում բազմաթիվ այլ ծրագրեր:

bottom of page