Ստանդարտ տեքստ՝ ոչ ստանդարտ իրավիճակում
Երեկ Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:
Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում:
Նրանք մտքեր են փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ և վերահաստատել իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների:
Այս ստանդարտ տեքստն է տարածվել երեկվա հանդիպման արդյունքում, որից կարելի է ենթադրել, որ պաշտոնական Երևանն ու Անկարան նպատակադրվել են արդեն այս տարի հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։
Ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը պետք է ձգտի նվազագույնի հասցնել անվտանգային ռիսկերը ու դրա ճանապարհին, անշուշտ, խրախուսելի են հայ- թուրքական հարաբերությունները բարելավելու ջանքերը։
Մյուս կողմից, ուկրաինական ճգնաժամը, այդ համատեքստում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում հնարավոր ճգնաժամը, Երևանի արտաքին քաղաքականության մեջ մանևրի հնարավորության սահմանափակումը կարող են որոշակի ռիսկեր ծնել հայ- թուրքական դիալոգի զարգացման ճանապարհին։
Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի Վիեննայի հանդիպումը տեղի ունեցավ «նոր աշխարհում», սակայն՝ «հին աշխարհի» կանոններով ու բանակցությունների արդյունքում տարածված ստանդարտ տեքստն ամենևին էլ ադապտացված չէ աշխարհում ստեղծված ոչ ստանդարտ իրավիճակին։
Սպասենք զարգացումներին։
Վահրամ Բագրատյան