Հայաստանը հետ է քաշվել իր ստրատեգիական շահերից և պատրաստ է միակողմանի և անվերջ զիջումների․ Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սկսած 1992թ. հունվարի 6-ից ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առաջնահերթություն է եղել: Սկսած Բուշ ավագի վարչակազմից, այս առաջնահերթությունը չի փոխվել:
Ցանկացած փուլում, երբ նման հնարավորություն է եղել, Վաշինգտոնը աջակցել հայ-թուրքական գործընթացին: Հիմա ամերիկյան քաղաքականության ակտիվացումը պայմանավորված է նաև այս գործընթացով: Բոլորն են հասկանում, որ Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ բավարարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները և սա դիտարկվում է, որպես պատմական պահ:
Բոլորն են հասկանում նաև, որ Հայաստանը հետ է քաշվել իր ստրատեգիական շահերից և պատրաստ է միակողմանի և անվերջ զիջումների՝ այդ թվում ազգային անվտանգության հաշվին: Հիմա մեզ բոլորն են քաջալերելու գնալ հաշտեցման ճանապարհով (Թուրքիայի և Ադրբեջանի հետ), քանի որ մենք ենք պատրաստ զիջումների՝ այդ թվում մեր տարածքի, Արցախի և մեր սուվերենության հաշվին»: