Հասունանում է նոր սկանդալ․ այս անգամ «հերոսը» Սյունիքի Մելոն է
Այսօր կառավարությունը որոշում է կայացրել Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի, իսկ Ռազմիկ Թևոնյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատելու մասին։ Այս թեմային մենք օրեր առաջ հանգամանալից անդրադարձել էինք․ Նիկոլ Փաշինյանն այս երկու մարզպետներին չներեց ՏԻՄ ընտրություններում գրանցված արդյունքների համար։
Պետրոսյանն, ըստ էության, տապալեց Ապարանի ընտրությունները՝ չնայած Փաշինյանին հավաստիացրել էր, որ ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տանելու։ Թևոնյանի ու Նիկոլ Փաշինյանի սանիկ Գարիկ Սարգսյանի հակասությունների պատճառով՝ Վեդիում ՔՊ-ն նույնպես չկարողացավ հաղթանակ արձանագրել ու ստիպված հանգուցալուծումը գտնվեց նոր ընտրությունների անցկացման որոշմամբ։ Թևոնյաններն Արարատում ազդեցիկ դիրք ունեն ու Փաշինյանը որոշել է նոր շանս տալ նրանց․ հորը մարզպետի պաշտոնում փոխարինել է նրա որդին՝ Սեդրակ Թևոնյանը։ Իհարկե, նրա գլխին «սև ամպեր» են կախված պաշտոնավարման դեռ արշալույսին։ Կրտսեր Թևոնյանը պետք է բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի Գարիկ Սարգսյանը արտահերթ ընտրություններում կարողանա ընտրվել Վեդիի համայնքապետ։ Բայց մարզպետների հետ կապված սկանդալներն այսքանով չեն ավարտվում։ ԶԼՄ-ները պարզել են, որ կեղծ դիպլոմով է պաշտոնավարում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։
«ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը 1992 թվականին ընդունվել և 1996 թվականին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ իրավագիտություն մասնագիտությամբ»,- Yerevan.Today-ի թղթակցին գրավոր պատասխանել են Սյունիքի մարզպետարանից։ Նշված տարեթվերին նման ԲՈւՀ հավատարմագրված չի եղել, ըստ այդմ՝ կեղծված են Պողոսյանին մարզպետ նշանակելու հիմքերը։ Այս պատմության մեջ հանցագործության հատկանիշներից բացի՝ առկա է մեկ այլ բաղադրիչ։ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի կարողանում Սյունիքի մարզպետի թեկնածու գտնել՝ բազմաթիվ սկանդալների մեջ հայտնված Մելոյին փոխարինելու համար։ ՏԻՄ ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ բացահայտեցին, որ Փաշինյանը Սյունիքում «հաղթող» թեկնածուներ չունի, հետևաբար՝ այդ մարզում նրա կադրային ռեզերվը, կարելի է ասել, դատարկ է։ Այնուամենայնիվ, նոր սկանդալից հետո Մելիքսեթ Պողոսյանը ստիպված է լինելու լքել պաշտոնը։
Վահրամ Բագրատյան