top of page

Տեղի ունեցե՞լ է Փաշինյան-Ալիև շփում․ փակ հանդիպումների ուրվականը


Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հետո էլ` ճաշին:


ԱՊՀ-ն ձևական կառույց է համարվում նույնիսկ ռուսական փորձագիտական ու քաղաքական շրջանակներում ու դրա հետ կապված միջոցառումների նկատմամբ հանրային հետաքրքրությունն օբյեկտիվորեն ցածր մակարդակի վրա է։


ԱՊՀ ավանդական, այս ոչ ֆորմալ գագաթնաժողովի հիմնական ինտրիգը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումն է։ Ֆեյսբուքյան վերջին ասուլիսում Հայաստանի փաստացի վարչապետն ասել էր, թե Իլհամ Ալիևի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, բայց Ալիևի հետ շփում Հայաստանի վարչապետը ոչ միան չէր բացառել, այլ նույնիսկ անխուսափելի էր համարել։


Մինչև այս պահը որևէ պաշտոնական կամ արժանահավատ տեղեկատվություն չկա․ արդյոք Փաշինյանն ու Ալիևը երեկ Սանկտ Պետերբուրգում հանդիպել են կամ ինչպես Փաշինյանն է ասում՝ շփվել են։


Բանն այն է, որ նման փակ շփումների շուրջ մեր հասարակության շրջանում լուրջ մտահոգություններ կան։


Երբ Փաշինյան-Ալիև հանդիպումները հրապարակային են լինում, դրանց հետևում են պաշտոնական հայտարարություններ կամ ասուլիսներ ու մենք գոնե ընդհանուր գծերով տեղեկանում ենք, թե երևացող այսբերգի խորքերում մոտավորապես ինչ են պայմանավորվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կամ որ հարցերում չի ձևավորվել կոնսեսուս։


Ոչ պաշտոնական «շփումները» վտանգավոր են, որովհետև, որպես կանոն, ավարտվում են «բանավոր պայմանավորվածություններով», ինչի հետևանքով հայկական կողմը կորցնում է վերահսկողությունը, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհի նկատմամբ կամ Սյունիքի տասնյակ համայնքներ մեկ օրում դառնում են առաջնագիծ։


Մնում է հուսալ, որ Նիկոլ Փաշինյանն Ամանորին ընդառաջ հերթական սկանդալային լայվը չի անի ու չի խոսի «կառուցողական և կիրթ» Ալիևի հետ իր նոր «բանավոր պայմանավորվածությունների» մասին, որոնց հետևանքով կկորցնենք վերահսկողությունն, օրինակ, Տավուշի մարզի մի քանի համայնքների նկատմամբ։


Վահրամ Բագրատյան

1/2323
bottom of page