top of page

Ինչպե՞ս են ադրբեջանցիները իջել հայկական վերահսկողության տակ գտնվող հատված․ Տիգրան Աբրահամյան



ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, Շուշիի տանկի հայտնի հուշարձանին հարակից հատվածում ջնջվել է պատին պատկերված Արցախի Հանրապետության դրոշը։ Պատգամավորն ընդգծել է, որ ադրբեջանցիների հետ շփման գիծն անցնում է հուշարձանից քիչ վերև, ուստի կարելի է ենթադրել, որ դիվերսիոն ներթափանցում է եղել։


«Շուշիի տանկի հայտնի հուշարձանի հարակից հատվածում՝ պատին, ժամանակին Արցախի Հանրապետության դրոշն էր պատկերված, որն անհայտ հանգամանքներում պղծել են։


Հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանցիների հետ շփման գիծն անցնում է հուշարձանից քիչ վերև, կարելի է ենթադրել, որ ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցում են իրականացրել, պատից մաքրել նկարված դրոշը և հեռացել։


Այս խնդիրը ճշտման ենթակա նվազագույնը 2 հարց ունի։ Ո՞վ է նման արարքի հեղինակը և ինչպե՞ս ու ի՞նչ պայմաններում է հաջողվել իջնել հայկական վերահսկողության տակ գտնվող հատված։ Ենթադրելի է, որ սադրանքն իրականացվել է ադրբեջանցիների կողմից, սակայն հայկական խորհրդանիշի պղծումից բացի, սա ցույց է տալիս Արցախի անվտանգության խոցելիությունը, որովհետև միջադեպը տեղի է ունեցել հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածում՝ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի հարակից մասում։


Ադրբեջանի նման հարևան ունենալու պայմաններում նմանատիպ այլանդակությունները, ցավոք, սպասելի են, սակայն մեր խնդիրը պետք է լինի հնարավոր բոլոր միջոցներով կանխելը ադրբեջանական սադրանքները, այդ թվում՝ դիվերսիոն ներթափանցման։ Սա նշանակում է կոմունիկացիաների, սահմանագծի անվտանգության ապահովման ճկուն համակարգ, նոր լուծումներ և իրադրությանը հատուկ միջոցառումներ, որոնց որակը դեռևս հեռու է բավարար լինելուց»,- գրել է Աբրահամյանը։

1/2322
bottom of page