Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել՝ հակաիրանական կոալիցիա
Բաքվում կայացած ռազմական շքերթի ընթացքում ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել: Մասնակիցները տանում էին Իսրայելի, Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները: Դրան զուգահեռ, քաղաքի տարբեր հատվածներում փակցված էր այսպես կոչված Հարավային Ադրբեջանի դրոշը:
Իսրայելի դրոշի առկայությունն ադրբեջանական ռազմական շքերթին մեսիջ է առաջին հերթին Իրանին առ այն, որ Իսրայել-Ադրբեջան ռազմավարական, ռազմա-քաղաքական դաշնակցային կապերը շարունակելու են ամրապնդվել, ինչքան էլ դա հարուցի Թեհրանի սուր արձագանքը կամ քննադատությունը:
Բացի այդ, Թուրքիայի, Պակիստանի և Իսրայելի դրոշների առկայությունը խոսում է այն մեծ դերակատարության մասին, որ այդ երկրները՝ հատկապես Թուրքիան և Իսրայելն ունեցել են 44-օրյա պատերազմի ընթացքում:
Դե-ֆակտո պատերազմում հաջողություն է գրանցել Թուրքիայի ԳՇ-ն՝իսրայելական արդի զինատեսակների և Սիրիայից վարձկանների միջոցով, իսկ Ադրբեջանը տեղեկատվական մակարդակում այդ հաղթանակը վերագրել է իրեն:
Ինչ վերաբերում է այսպես կոչված Հարավային Ադրբեջանի դրոշին, ապա այն անջատողականների խորհրդանիշն է՝Իրանի հյուսիսային շրջաններն Անկարայի և Բաքվի պանթուրքական շրջանակները ներկայացնում են, որպես Հարավային Ադրբեջան, որն ապագայում, ըստ իրենց, պետք է միայն Ադրբեջանի Հանրապետությանը:
Անկարան և Բաքուն բացահայտ տարածքային նկրտումներ ունեն Իրանի նկատմամբ, ինչն իհարկե առաջացնելու է Իրանի շատ կոշտ արձագանքը: Այդ արձագանքը կարող է չարտահայտվել բաց տիրույթում, սակայն Թեհրանը հետևություններ կանի Բաքվի հակաիրանական մեսիջներից՝Իսրայելի և Հարավային Ադրբեջանի դրոշների, Թուրքիայի և Պակիստանի հետ խորացող կապերի հետ կապված:
Այսպիսով, Իրանի դեմ ձևավորվում է թուրք-ադրբեջանա-իսրայելական կոալիցիան, որը նպատակ ունի ոչնչացնել իրանական պետականությունը, կազմաքանդել Իրանն էթնիկ-կրոնական սահմաններով: Իսրայելի համար Իրանն՝ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է ոտքի հանել Իրանի գրեթե 30 միլիոնի հասնող ադրբեջանցիներին՝Մեծ Ադրբեջան պանթուրքական պետություն ստեղծելու նպատակով:
Նշենք, որ Իսրայելի և թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն ընդդեմ Իրանի համընկնում են՝նրանց միավորում է ինչպես ընդհանուր հակառակորդի՝Իրանի առկայությունը, բացի այդ, Իսրայելն իր ներքին սպառման նավթի 40 տոկոսը ներկրում է Ադրբեջանից, Ադրբեջանը միլիարդավոր դոլարների զենքեր է գնում Իսրայելից: Թուրքիայի համար էլ Ադրբեջանը պլացդարմ է՝պանթուրքական ռազմավարությունը ՌԴ-ի, Իրանի դեմ կյանքի կոչելու համար, ինչպես նաև հարթակ՝դեպի թյուրքախոս և նավթագազային ռեսուրսներով հարուստ Կենտրոնական Ասիա:
Արտյոմ Բալասանով