top of page

Թուրքիան դիվիդենտներ է քաղելու Արևմուտք-ՌԴ հակասություններից

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Թուրքիան չի անտեսելու Ուկրաինայի հետ սերտ հարաբերությունները՝ Ռուսաստանի հետ իր ընդարձակ հարաբերությունների պատճառով»։


ՌԴ-Ուկրաինա հարաբերությունները սրվում են՝ Դոնբասում իրավիճակի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության պատճառով: Արևմուտքն աջակցում է Ուկրաինային՝ զինում է այդ երկիրն ու դա առաջացնում է Մոսկվայի դժգոհությունը: ՌԴ-ն հայտարարել է, որ թույլ չի տալու Ուկրաինային անդամակցելու ՆԱՏՕ-ին, քանի որ, ըստ Մոսկվայի, դա «կարմիր գիծ» է ՌԴ-ի ազգային անվտանգության համար:


Այս պայմաններում, Թուրքիան հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ երկիր չի կարող անտեսել Դաշինքի ընդհանուր քաղաքականությունը ՌԴ-ի հանդեպ՝ դա փորձելով փոխկապակցել թուրքական շահերի հետ:


Թուրքիա-Ուկրաինա հարաբերությունները տարիներ շարունակ խորանում են՝ տնտեսական, ռազմա-քաղաքական ոլորտներում: Թուրքիան ԱԹՍ-ներ է մատակարարում Կիևին, որոնք օգտագործվելու են Դոնբասում և հնարավոր է անգամ Ղրիմի դեմ:


Ռուս-թուրքական հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ՝ էներգետիկ, ռազմական, տնտեսական ոլորտներում Մոսկվայի և Անկարայի միջև առկա են բազմամիլիարդանոց պայմանագրեր:


Սակայն Թուրքիան շարժվում է առաջին հերթին իր ազգային, պետական, երկարաժամկետ շահերով, իսկ դա ՆԱՏՕ-ի հետ սերտ ռազմա-քաղաքական դաշինքն է: Բացի այդ, Անկարան չի ցանկանում Ուկրաինայում ռուսական գեոպոլիտիկ դիրքերի ամրապնդում:


Հիշեցնենք, որ Անկարան չի ճանաչել Ղրիմի թերակղզու միավորումը ՌԴ-ի հետ և շարունակում է պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Ուկրաինան ՆԱՏՕ-ի և Թուրքիայի համար բուֆերային գոտի է և ՌԴ-ին զսպող գործոն: Հաշվի առնելով Ուկրաինայի գեոպոլիտիկ դիրքն Եվրոպայի սրտում, ռուսական սահմանների երկայնքով, ինչպես նաև ելքը դեպի Սև ծով՝ Ուկրաինան շարունակելու է մնալ Թուրքիայի համար կենսական շահերի տարածք, իսկ Արևմուտքը փորձելու է Ուկրաինայից կերտել հակառուսական պլացդարմ:


Ռուս-թուրքական հարաբերությունները խորանում են տնտեսական, էներգետիկ, անգամ քաղաքական ոլորտներում, սակայն գեոպոլիտիկ առումով Թուրքիան և ՌԴ-ն մնալու են աշխարհաքաղաքական հակառակորդներ: Թուրքիան չի պատրաստվում դուրս գալ ՆԱՏՕ-ից, իսկ ՆԱՏՕ-ն՝ ՌԴ-ի համար վտանգ ներկայացնող ռազմական դաշինք է: Թուրքիան միշտ խաղալու է Արևմուտք-ՌԴ հակասությունների վրա՝ քաղելով քաղաքական, տնտեսական դիվիդենտներ:

1/2608
bottom of page