Թուրքիան կյանքի է կոչում «Մեկ ազգ՝ վեց պետություն» թուրանական ծրագիրը
Թուրքիան աջակցում է TANAP գազամուղի տարանցման հզորության մեծացման գաղափարին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը:
Նա նշել է, որ TANAP-ի միջոցով Եվրոպա կարելի է արտահանել ոչ միայն Ադրբեջանի գազը, այլ նաև Թուրքմենստանի: Ըստ նրա, մոտակա ժամանակներս կարող է կյանքի կոչվել Տրանսկասպյան գազամուղը:
Թուրքիան ակտիվորեն լոբբինգ է անում կասպյան էներգակիրները՝ դեպի Եվրոպա արտահանելու ծրագրերին, քանի որ այդ կերպ Թուրքիան դառնում է կարևոր էներգետիկ միջանցք, տարանցիկ երկիր թե Արևմուտքի, թե թյուրքախոս Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի համար: TANAP գազամուղի ընդլայնումը՝ թուրքմենական գազի շնորհիվ՝ բխում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի շահերից, քանի որ այդ կերպ այլընտրանքային էներգակիրներ են արտահանվելու եվրոպական շուկա՝ նվազեցնելով ռուսական գազից ԵՄ-ի կախվածությունը:
Թուրքիան ցանկանում է «Մեկ ազգ՝ երկու պետություն» բանաձևը, որն իրականացվում է Ադրբեջանի հետ՝ տեղափոխել նաև Կենտրոնական Ասիա՝ խորացնելով կապերը թյուրքախոս երկրների՝ Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի վրա, ինչի շնորհիվ կարող է կյանքի կոչվել «Մեկ ազգ՝ վեց պետություն» ռազմավարությունը:
Ադրբեջանը՝ Կենտրոնական Ասիայի երկրների համար էներգետիկ-տրանսպորտային միջանցք, պատուհան է դեպի Թուրքիա, Սև ծով և Եվրոպա: Թուրք-ադրբեջանական էներգետիկ-տրանսպորտային կապերի խորացումը, այդ թվում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի իրականացումը թույլ կտա Թուրքիային ունենալ երկրորդ միջանցքը դեպի Ադրբեջան, Կասպից ծով և Կենտրոնական Ասիա: Անկարան արդեն դուրս է գալիս կասպյան տարածաշրջան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան միջանցքի շնորհիվ:
Մեծ Թուրան կառուցելու Անկարայի դարավոր ծրագիրն այսօր ակտիվորեն կյանքի է կոչվում՝ շեշտը դնելով տնտեսական էքսպանսիայի, Ադրբեջանի հետ՝ ռազմա-քաղաքական դաշինքի ամրապնդման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ ընդհանուր լեզվական, թյուրքական, կրոնական ընդհանրությունների վրա:
Մեծ Թուրանի կյանքի կոչումը բխում է նաև Արևմուտքի շահերից, քանի որ այս պարագայում թուրքական էքսպանսիան ուղղվում է ոչ թե դեպի Եվրոպա, որտեղ մահմեդականները, թուրքական համայնքները մեծաթիվ են, այլ դեպի Կովկաս, Կենտրոնական Ասիա՝ հարվածելով նաև Արևմուտքի հիմնական գեոպոլիտիկ մրցակիցներին՝ Ռուսաստանին և Իրանին, որոնք ունեն թրքախոս շրջաններ:
Իրանն ու Ռուսաստանը Մեծ Թուրանի ծրագիրը խաթարելու համար պետք է ամրապնդեն Հայաստանը՝ տնտեսական, ռազմական առումներով:
Արտյոմ Բալասանով