«Ուսապարկերից» մեկը կհայտնվի նախագահականում․ ընդդիմությունը խանգարել չի կարող
«Պետք է գնանք այնպիսի լուծումների, որ հանրապետության նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն»,- նախագահի իրենց հնարավոր թեկնածուի մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։
Այս խոսքերից ակնհայտ է դառնում, որ ՔՊ-ն նախագահի պաշտոնի համար առաջադրելու է յուրային մեկին։ Ընդ որում, Փաշինյանը պարզ ակնարկեց, որ իրենք չեն պատրաստվում կոմպրոմիսի գնալ խորհրդարանական ընդդիմության հետ, հակառակ պարագայում՝ չէր ակնարկի, թե կարող են հանգիստ նախագահ ընտրել երկրորդ փուլով։
Իշխանության խնդիրը պարզ է, իսկ ի՞նչ է անելու ընդդիմությունը։
Ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարները հարցի պատասխանը բաց են թողել՝ չբացառելով նախագահի ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։
Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը՝ սա է օրենսդրության պահանջը ու խորհրդարանական ընդդիմությունն ակնհայտորեն կարող է ունենալ նախագահի իր թեկնածուն ու ընտրությունների առաջին փուլում նույնիսկ խոչընդոտել իշխանության թեկնածուի հաղթանակին։ Ընտրությունների առաջին փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը․ ՔՊ խմբակցությունը այդքան ձայներ չունի։
Սակայն ընտրությունների երկրորդ փուլում նախագահ ընտրվում է արդեն 64 քվեով ու ակնհայտորեն ՔՊ-ն լուծում է իր խնդիրն՝ անկախ այն հանգամանքից՝ ընդդիմությունը մասնակցո՞ւմ է ընտրություններին, թե՞ ոչ։
Մի կողմից, ընդդիմությունը՝ իր ֆունկցիոնալ առաքելությունից ելնելով, պետք է մասնակցի գործընթացին, առնվազն՝ իր օրակարգը առաջ տանելու նպատակով, մյուս կողմից՝ խիստ կանխատեսելի խաղին ընդդիմության մասնակցությունը լեգիտիմացնում է գործընթացը, ինչը չի բխում ընդդիմության մարտավարությունից։
Այս դիլեման լուծում է պահանջում, որին ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները պետք է գան առաջիկա օրերին։
Վահրամ Բագրատյան