top of page

«Վերբալ մարմնավաճառ»․ արդյո՞ք դա ինքնագնահատական է



Երեկ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսն էր ու տեսական շանս կար, որ նա կդատապարտի ՔՊ խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանի վուլգար, ոչ նորմատիվային արտահայտությունը ԶԼՄ-ների ու լրագրողների հասցեին։


Համենայն դեպս, այդպես կվարվեին շատ դեմոկրատական առաջնորդներ, որոնք գնահատում են խոսքի ազատությունը ու բազմակարծությունը ու շտապում են րոպե առաջ ձերբազատվել իրենց այն թիմակիցների մարգինալ հայտարարություններից, որոնցով կասկածի տակ է դրվում հավատարմությունը ժողովրդավարության արժեքներին։


Փաշինյանն արեց ճիշտ հակառակը՝ պաշտպանության տակ առնելով ու ավելի զարգացնելով իր կուսակցի վտանգավոր թեզերը։


Սրանով Փաշինյանը երկու կարևոր իրողություն բացահայտեց։


Ակնհայտորեն ապացուցեց, որ ինքն է այդ վուլգար հանձնարարության պատվիրատուն, և երկրորդ՝ հիմնավորեց նույն Վահագն Ալեքսանյանի մեկ այն պնդում, որ ՔՊ խմբակցությունում չկան ինքնուրույն մտածող, սեփական «Ես»-ն ունեցող պատգամավորներ ու գրեթե բոլորը գտնվում են Փաշինյանի «ուսապարկի» կարգավիճակում։


ՔՊ-ում նախկին լրագրողներ շատ կան` սկսած Փաշինյանից։ Չենք էլ բացառում, որ երբ վարչապետը կամ ՔՊ այլ ներկայացուցիչներ լրագրողների մասին կարծիք են ընդհանրացնում, դա անում են իրենց միկրոմիջավայրի նախկին լրագրողների կերպարները ուսումնասիրելով ու ավելի հարմար տերմին չեն գտնում, քան՝ «վերբալ մարմնավաճառը»։


Համենայն դեպս, երբ պետական մակարդակով ատելություն է գեներացվում ԶԼՄ-ների, լրագրողների, ազատ խոսքի, այլընտրանքային կարծիքի նկատմամբ, ապա լեգիտիմ իրավունք ունենք մտածելու, թե իշխանությունն արժեքային դեգրադացիայի այնպիսի մակարդակում է, որ երևույթները, արտաքին աշխարհը դիտարկում է սեփական չափանիշների, բարոյականության սահմաններում։


Վահրամ Բագրատյան

1/2324
bottom of page