Հազիվ թե բնակչությանը վախեցնելը լավագույն միջոցն է․ Զախարովան՝ Փաշինյանի խոսքերի մասին
Դժվար թե սեփական բնակչությանն ահաբեկելը Հայաստանին ձեռնտու արդյունքի հասնելու լավագույն միջոցն է. այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ գյուղերն Ադրբեջանին չհանձնելու դեպքում պատերազմ սկսվելու մասին։«Պետք է այդ հարցերը լուծել հանգիստ, կառուցողական ձևով և դրա մեխանիզմը կա՝ դա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովը։ Մենք պատրաստ ենք օգնել այդ աշխատանքին՝ հաշվի առնելով մեր հարուստ փորձը։ Աշխատանքը պետք է իրականացվի այդ կառույցի շրջանակում՝ վերը նշված սկզբունքների հիման վրա... Ընդգծեմ, որ մենք որևէ կերպ կապված չենք Երևանի ղեկավարության կողմից հնչեցված որոշումների հետ»,- ասել է Զախարովան։Ըստ նրա՝ այն, ինչ հնչեցրել է Հայաստանի վարչապետը, որևէ կերպ չպետք է ասոցացվի Ռուսաստանի հետ և որ այդ թեմայով ռուսական կողմի հետ որևէ քննարկում չի եղել: Զախարովան ընդգծել է, որ դա բացառապես այն է, ինչ երկրի ղեկավարությունը որոշել է՝ շփվելով Արևմուտքի հետ:«Ցանկանում ենք, որ արևմտյան գործընկերների հետ շփման ազդեցության տակ կամ անմիջականորեն նրանց հետ ընդունվող որոշումների համար ուղիղ պատասխանատվություն կրեն նրանք, ովքեր Երևանում դրանք հայտարարում են: Ռուսաստանի հետ սա որևէ կապ չունի»,- ասել է Զախարովան։
Նշենք, որ Փաշինյանը Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ «շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք»։
«Մենք հիմա կարող ենք ստեղից դուրս գանք, գնանք ասենք՝ չէ, էն էլ չկա, էն էլ չկա, էն էլ չկա։ Դա նշանակում է, որ շաբաթվա վերջում պատերազմ է սկսելու։ Ես գիտեմ, թե ինչ է լինելու այդ պատերազմի վերջում, հետո որ իրար մի տեղ տեսնենք Երևանում, դուք ինձ ասելու եք, թե մենք գյուղացի ժողովուրդ ենք, այդքան տեղեկություն չունեինք, բա դու՞ք»,-ասել է Փաշինյանը։